Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում «Agilent Technologies» ընկերության տասնամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, նոյեմբերի 27-ին մասնակցել են «Agilent 10 years with Armenia» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում ներկայացվել է անցյալ դարի կեսերից ի վեր ամերիկյան Agilent ընկերության անցած ուղին և ձեռքբերումները, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ծավալած գործունեությունը, ներկայիս նորարարական հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ընկերության արտադրած լաբորատոր սարքավորումների լայն կիրառման շրջանակներին, առաջարկվող նորարարական լուծումների առանձնահատկություններին՝ ներկայացնելով ինչպես բուն սարքավորումների աշխատանքային մեխանիզմներն ու ստացված արդյունքների գնահատման մոտեցումները, այնպես էլ դրանց սպասարկման համար անհրաժեշտ միջոցների (վակումային պոմպերի և այլ պարագաների) արդի լուծումները, որոնք ունեն կարևոր նշանակություն սարքավորումների կիրառմամբ հետազոտական աշխատանքներ իրականացնող մասնագետների և փորձագտների համար:
Միջոցառման շրջանակներում ընդգծվել է նաև դատափորձագիտական ոլորտում ներդրված առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը և այդ համատեքստում Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ինչպես նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ ծրագրի հետ արդյունավետ փոխգործակցության անցած ուղին:
Հարկ է նշել, որ Բյուրոյի համապատասխան փորձագիտական անձնակազմը պարբերաբար մասնակցում է «Agilent Technologies» ընկերության առաջատար մասնագետների կողմից իրականացվող նորարարական հնարավորությունների կիրառման ուսուցման և վերապատրաստման գործընթացներին, ինչը նպաստում է կարողությունների կատարելագործմանը, սարքավորումների կիրառման շրջանակների ընդլայնմանը, հետազոտական նոր մեթոդների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև բարձր ճշգրտությամբ և հավաստի արդյունքների ապահովմանը:
Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում «Agilent Technologies» ընկերության ներկայացուցիչները՝ տարածաշրջանի ղեկավար Ռոբերտ Բանի գլխավորությամբ այցելել են նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ և տեղում քննարկումներ ունեցել Հայաստանի դատափորձագիտական բնագավառում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:
02 December 2024